Առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է. այս մեղադրանքի մասին ասել, որ ապօրինի է, նշանակում է ոչինչ չասել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց նխկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Այսօր դատախազությունն ինքը հիմնավորեց, որ իր մեղադրանքն  ապօրինի եւ այնքան պարզ չի մեղադրանքը, որ նույնիսկ իրենք իրենց մեղադրանքը չեն կարողանում պարզաբանել, եւ իրենք փաստացի հրաժարվեցին մեղադրանքը պաշտպանել, որովհետեւ մեղադրանքի պաշտպանությունը սկսվում է մեղադրանքի պարզաբանումից: Եթե նոեւյնիսկ իրենց համար պարզ չէ մեղադրանքը, ապա ակնհայտ է, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Եվ այստեղ շատ լուրջ մի հարց կա. դատախազությունը բացհայտեց, որ իրենք էլ իրենց առաջադրած մեղադրանքը չեն հասկանում, իրենց համար էլ դա պարզ չէ: Այլապես իրենք կպարզաբանեին մեղադրանքը, հասարակությանն էլ ցույց տալով, որ իբրեւ թե իրենց մեղադրանքը օրինական է, պարզ է եւ հնարավոր է դրանից պաշտպանվել: Դատախազությունն այսօր հրաժարվեց մեղադրանք պաշտպանելուց»:

Պաշտպանը նաեւ պարզաբանեց, թե ինչու ինչը չհետեւեց իր գործընկերներին ու չլքեց նիստերի դահլիճը. «Խոսքը վերաբերում էր կոնկրետ ամբաստանյալին եւ նրա մեղադրանքի պարզաբանմանը, իմ պաշտպանյալին չէր վերաբերում: Գործընկերներիս լիովին միանում եմ, եւ նրանք  ճիշտ էին: Եթե իմ պաշտպանյալին էլ նման կերպ վերաբերվեին, եւ մեղադրանքը չպարզաբանեին, ինքս էլ ստիպված էի լինելու նման գործողությունների դիմել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը ի նշան բողոքի լքեցին դատական նիստերի դահլիճը: Նրանք պահանջեցին դատարանից պարզաբանել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքը: Դատարանը դա չարեց: