Եվրոպացի աստղագետների խմբին՝ Նիդեռլանդների Լեյդենի աստղադիտարանից Մարտին Օեյի ղեկավարությամբ, հաջողվել է հայտնաբերել ներկայումս բոլոր ռադիոգալակտիկաներից ամենախոշորը՝ Ալկիոնեուսը, որի երկարութունը կազմում է 16 միլիոն լուսային տարի: Այն գտնվում է Երկրից մոտ 3 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա։ Այս մասին հոդվածը հրապարակման է ընդունվել Astronomy & Astrophysics ամսագրում եւ տեղադրվել է էլեկտրոնային պրեպրինտների arXiv.org կայքում:

Նոր հայտնագործությունը կատարվել է LOFAR ցածր հաճախականության ռադիոինտերֆերոմետրի միջոցով հավաքված տվյալների շնորհիվ, որը բաղկացած է 20000 ռադիոալեհավաքներից, որոնք էլ բաշխված են Եվրոպայում 52 կետերի վրա։ Այն մշակվել է նիդեռլանդական ASTRON ինստիտուտի մասնագետների կողմից: «Մենք հայտնաբերել ենք ամենամեծ ռադիոկառույցը, որը ձեւավորվել է մեկ գալակտիկայի կողմից»,- բացատրում է Մարտին Օեյը: «Դրա ծնող գալակտիկան, պարզվել է, որ զարմանալիորեն սովորական է՝ ընդհանուր պայծառությունը, աստղերի զանգվածը եւ կենտրոնում գտնվող գերզանգվածային սեւ խոռոչի զանգվածը նման են այլ ռադիոգալակտիկաներում եղածներին»: Զարմանալի են միայն Ալկիոնեուսի չափերը։ Այսպես, Ծիր Կաթինի տրամագիծը գնահատվում է ընդամենը 100 000 լուսային տարի, ինչը երկու կարգով փոքր է։

Հսկայական ռադիոգալակտիկաների հիմքում ընկած են ծնող գալակտիկաները, որոնք բաղկացած են աստղերի կուտակումներից, որոնք պտտվում են գերզանգվածային սեւ խոռոչ պարունակող գալակտիկական միջուկի շուրջը: Իսկ ռադիոգալակտիկաներն իրենք են կազմում հսկայական շիթեր եւ ելուստներ, որոնք նյութի կուտակման գործընթացում այս գալակտիկական կենտրոնից փախչում են դեպի կենտրոնական սեւ խոռոչ: Նշված շիթերը եւ ելուստները, փոխազդելով միջգալակտիկական միջավայրի հետ, նպաստում են լիցքավորված մասնիկների արագացմանը, որոնք առաջացնում են հզոր ռադիոհաղորդում: Այս դեպքում հետազոտողները օգտագործել են Sloan Digital Sky Survey-ը՝ փորձելով գտնել ծնող գալակտիկան, եւ այս էլիպսաձեւ գալակտիկայի զանգվածը, պարզվել է, բավականին համեստ է՝ այն կազմում է մոտ 240 միլիարդ արեւային զանգված, եւ դրա կենտրոնում գտնվող գերզանգվածային սեւ խոռոչը մոտ 400 միլիոն անգամ ավելի մեծ է Արեգակից, այն դեպքում, երբ կան սեւ խոռոչներ, որոնց զանգվածը չափվում է տասնյակ միլիարդավոր արեգակնային զանգվածներով: