ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ակսել Ֆիշերը (Գերմանիա) ողջունում է հայաստանյան կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը։ Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ կայքում։

«Ես շատ գոհ եմ այդ երկխոսությունից, որը Վեհաժողովի վաղուցվա ցանկությունն էր եւ որը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի քաղաքական մթնոլորտի կարգավորման համար։ Ես բոլոր կողմերին կոչ եմ անում դրսեւորել առավելագույն ճկունություն եւ բարի կամք, որպեսզի երկխոսությունը հաջողվի»,- ասել է նա։

Ֆիշերը նաեւ ընդգծել է կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը՝ երկրի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։ «Ընտրական նոր օրենսգիրքը ամուր հիմքեր է ապահովում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Ընտրությունների համար շահագրգիռ կողմերը՝ հատկապես հասարակությունը, պետք է լիովին վստահեն ընտրական գործընթացին եւ դրա արդյունքներին։ Դրա համար ես բոլոր կողմերին կոչ եմ անում զերծ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վնասել այդ վստահությանը»:

Այցի ընթացքում Ֆիշերը քննարկել է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 զոհերի գործով հետաքննության վերականգնմանը, ինչպես նաեւ Ոստիկանության եւ դատական համակարգում իրականացված բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Այս այցի արդյունքները թույլ կտան զեկույց կազմել, որը Ֆիշերը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի համար կպատրաստի մյուս համանախագահ Ջոն Պրեսկոտի հետ համատեղ։