Բեյրութում հոկտեմբերի սկզբին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգ կանցկացվի, որը կիրականացվի Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի եւ Հայաստանի երաժիշտների մասնակցությամբ:
Այս մասին նշվել է այսօր` հուլիսի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի ու Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Քոչարյանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական նամակը` Լիբանանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ:
Ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների, մշակույթի գործիչների փոխայցելությունների, գործնական ծրագրերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:
Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:




























