Heritage Foundation-ի 2022թ. երկրների տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 63,3 միավորով զբաղեցնում է 58-րդ տեղը եւ մտնում է չափավոր ազատ երկրների խմբի մեջ։

Նախորդ հաշվետվության համեմատ տնտեսական ազատության ինդեքսը իջել է 6,6 կետով։

Տնտեսական ազատությունների միավորները ստացվել են չորս առանցքային ոլորտների կամ սկզբունքների հետազոտությունների հիման վրա՝ իրավունքի գերակայություն, սահմանափակ պետական միջամտություն, կարգավորման արդյունավետություն եւ ազատ շուկա։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է առաջընթաց ֆինանսական ազատության ոլորտում։

Այնինչ, ամենացածր միավորներ տրվել են դատական համակարգի արդյունավետությանը։

Դատական համակարգի վերաբերյալ նշվում է, որ դատարանները մշտապես ենթարկվում են քաղաքական ազդեցության։ Դատական համակարգը չափազանց անարդյունավետ է ինստիտուցիոնալ կոռուպցիայի պատճառով։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության ջանքերին՝ այն մնում է համակարգային։

Վերջին հինգ տարիներին նշվում է տնտեսական ազատությունների միտումների խախտում, իսկ  աշխատանքի եւ բիզնեսի ազատության կտրուկ՝ 5 կետ անկման հետ կապված՝ 2017 թվականից Հայաստանը գերազանցապես ազատ երկրների խմբից դուրս է եկել եւ որակվում է որպես չափավոր ազատ երկիր։

Ընդհանուր աղյուսակում Հայաստանը գտնվում է Իտալիայի եւ Սերբիայի միջեւ։ Տարածաշրջանի առաջատարը հարեւան Վրաստանն է, որը մտնում է հիմնականում ազատ երկրների ցուցակի մեջ։

Ադրբեջանը 75-րդ տեղում է, չափավոր ազատ երկրների շարքում Հայաստանի հետ նույն խմբում։ Թուրքիան, որը զբաղեցրել է 107-րդ տեղը, եւ Ռուսաստանը՝ 113-րդ տեղ, հիմնականում անազատ երկրների խմբում են։