Միայն վերջին մեկ օրում Երեւանի ավտոբուսներում ու երթուղային տաքսիներում երթեւեկելիս տուժել է 4 մարդ, ընդ որում, փաստացի ավտովթար տեղի չի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 20-ի երեկոյան թիվ 28 ավտոբուսը, հանկարծակի կտրուկ արգելակել է, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել ավտոբուսի ուղեւոր 49-ամյա Սվետլանա Ա.-ն եւ 11-ամյա Էդուարդ Պ.-ն: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Այդ ավտոբուսի հետեւից եկող 34 համարի երթուղային տաքսին նույնպես ստիպված է եղել կտրուկ արգելակել, որի հետեւանքով տուժել է երթուղայինի ուղեւոր 33-ամյա Նարինե Ս.-ն, ով նույնպես դիմել է բժիշկների օգնությանը:
Տեղի ունեցածի առթիվ քննություն է ընթանում:

Դրանից մեկ օր առաջ, հուլիսի 19-ին, 60-ամյա Սուսաննա Մ.-ն ավտոբուսում կոտրել է ողնաշարը: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ավոմեքենան տենդագին վարելու հետեւանքով: Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Քննություն է ընթանում:

Նշենք, որ Երեւանի հասարակական տրանսպորտի վարորդները, ավելի ճիշտ, մեքենա վարելու նրանց ունակությունների բացարձակ բացակայությունը վաղուց արդեն ցավոտ թեմա է երեւանցիների համար: