G20-ի ֆինանսական գերատեսչությունների ղեկավարներն այս շաբաթ կքննարկեն ուկրաինական ճգնաժամը, սակայն դեռ պարզ չէ՝ նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան, թե պարզապես կարծիքներ կփոխանակեն, չորեքշաբթի ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։
Ինդոնեզիայում տեղի կունենան G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումներ: Շատ մասնակիցներ, այդ թվում՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, կորոնավիրուսի վերջին ալիքի պատճառով վիրտուալ ռեժիմով կմասնակցեն։
Երկուշաբթի G7-ի ֆինանսների նախարարները Ռուսաստանին նախազգուշացրել են «զանգվածային» տնտեսական հետեւանքների մասին, եթե նա որոշի ներխուժել Ուկրաինա, որին նաեւ արագ եւ վճռական աջակցություն են խոստացել:
Պարզ չէ՝ արդյոք G20-ը, որի մեջ մտնում են Չինաստանը եւ հենց Ռուսաստանը, նույնպիսի կտրուկ նախազգուշացում կանի՞ Մոսկվային:
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ եվրոպացիները G20-ում նաեւ ուզում են հասնել համաշխարհային հարկային բարեփոխման արագ իրականացման, որը, ի թիվս այլ բաների, 15 տոկոսի չափով նվազագույն կորպորատիվ հարկ է նախատեսում: «Այստեղ մենք իրականացման հստակ բացականչական նշան կդնենք»,- ասել է պաշտոնյան։
Հարկային բարեփոխումները գրեթե 140 երկրներում ուժի մեջ կմտնեն արդեն 2023թ․ սկզբին։ Սակայն ոմանք այս նպատակը հավակնոտ եւ, հնարավոր է, անհասանելի են համարում:




























