Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձնական վիրավորանքներ է հասցնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս լռում է։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Ավելին, ինչպես նշեց պատգամավորը, Ալիեւն այնքան է լկտիացել, որ արդեն սպառնում է քրեական գործ հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ։ Նրան ուզում են ահաբեկչության մեղադրանք առաջադրել։

«Հարությունյանին օգնություն իբր տրամադրվել է Հայաստանից։ Դրա հետ կապված՝ նրանք իրենց մեր տարածքում հակաահաբեկչական հատուկ գործողություն իրականացնելու իրավունք են վերապահում։ Դուք գիտեք իմ կարծիքը Արայիկ Հարությունյանի մասին։ Այն, մեղմ ասած, շատ բացասական է։ Եթե նա մինչեւ հիմա ինքնասպանություն չի գործել, ուրեմն ինքն իր հանդեպ հարգանք չունի։ Նրա փոխարեն նորմալ մարդը վաղուց ատրճանակը կվերցներ ու ինքն իրեն կգնդակահարեր։ Դե լավ, վատագույն դեպքում նա պետք է հրաժարական տար: Այդուհանդերձ, ինչ էլ որ լինի, սա մեր հանցագործն է, եւ մե՛նք պետք է զբաղվենք նրանով, ոչ թե Ադրբեջանը»,- ասաց Թեւանյանը։