Եգիպտոսում անհապաղ քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հասարակական պահանջի ալիքի ֆոնին, տեղի է ունեցել Եգիպտոսի նոր կառավարության երդմնակալության արարողությունը, հաղորդում է rbc.ua-ն` վկայակոչելով ВВС-ն:

Կառավարության անդամների մոտ կեսը փոխվել է, այդ թվում ԱԳ եւ ֆինանսների նախարարները:

Երդմնակալության արարողությանը մասնակցել է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, մարշալ Մոհամեդ Հուսեյն Տանտավին:

Այդուհանդերձ, ցուցարարները դժգոհ են մնացել նոր կառավարության կազմից, քանի որ մի քանի նախարարներ, որոնց հրաժարականն էին պահանջում ցուցարարները, պահպանել են իրենց պաշտոնները:

Նշենք, որ Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերին կամ նոյեմբերին: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 11-ին Հոսնի Մուբարաքը, ով երկրում իշխում էր 1981 թվականից, հրաժարական էր տվել:

Բարձրագույն զինվորական խորհուրդը ցրել էր երկրի խորհրդարանը եւ դադարեցրել Սահմանադրության գործունեությունը: Խորհուրդը նախատեսում է իշխանության մնալ մինչեւ 6 ամիս, մինչեւ նոր խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը: