Ճգնաժամն Ուկրաինայում համավարակից հետո լուրջ սպառնալիք է համաշխարհային տնտեսության վերականգնման համար, նախազգուշացրել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն G20-ի երկրների ֆինանսական ղեկավարների հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AFP-ն։

Բացելով երկօրյա հանդիպումը՝ նախագահ Վիդոդոն նախազգուշացրել է տնտեսության փխրուն վերականգնման ռիսկերի մասին։ «Այժմ մրցակցության եւ նոր լարվածության ստեղծման ժամանակը չէ, դրանք խափանում են վերականգնման հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ սպառնում են աշխարհի անվտանգությանը։ Նկատի ունեմ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Վիդոդոն, որի երկիրը ներկայում նախագահում է G20-ում։ «Բոլոր կողմերը պետք է դադարեցնեն մրցակցությունն ու լարվածության հրահրումը»։

Նա կոչ է արել «քսանյակին», որի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանը, դրա փոխարեն կենտրոնանալ համագործակցության վրա՝ օգնելու համար համաշխարհային տնտեսության վերականգնմանը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը, ելույթ ունենալով տեսակապով, ասել է. «Պետք է գործենք անհապաղ՝ ամրապնդելու համար առողջապահության գլոբալ կառուցվածքը, որպեսզի գործիքներ ունենանք առողջապահության ոլորտում ապագա ճգնաժամերը հաղթահարելու, դրանց նախապատրաստվելու եւ արձագանքելու համար»։

Ֆինանսավորման համակարգերի ստեղծման կոչերն ավելի հաճախ եմ հնչում, հատկապես քովիդի դեմ պատվաստանյութերի արտադրության եւ տարածման հետ կապված խնդիրներից հետո։

Ելենի խոսքով՝ ֆինանսավորման ավելացման պահանջն անվիճելի է եւ, ըստ գնահատականների, անհրաժեշտ գումարը կհասնի 75 մլրդ դոլարի հաջորդ հինգ տարիներին։

Ըստ Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանիի՝ G20-ը քննարկելու է առողջապահության ոլորտում գալիք ճգնաժամերի դեմ պայքարի հիմնադրամների ստեղծման հարցը, որի աշխատանքը կհամակարգի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Առողջապահության գլոբալ կառուցվածքի ամրապնդման ջանքերը կարող են հաջող լինել միայն այն դեպքում, եթե դրանք ուղղված լինեն ԱՀԿ-ի դերի ամրապնդմանը, ընդգծել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ «Պարզ է, որ այդ կառուցվածքի կենտրոնում պետք է ուժեղ եւ  կայուն ֆինանսավորվող ԱՀԿ... իր ունիկալ մանդատով, ունիկալ տեխնիկական փորձով եւ ունիկալ գլոբալ լեգիտիմությամբ»,- ասել է Թեդրոսը բանակցություններում։

Եվս մեկ կարեւոր թեմա էր գլոբալ գնաճի խնդիրը եւ այն, թե ինչպես էին կենտրոնական բանկերը զարգացած երկրներում շարունակում բարձրացնել տոկոսադրույքներն ու չեղարկել համավարակի խթանման  մասշտաբային միջոցները՝ ցնցումներ չառաջացնելով զարգացող երկրներում։

Խթանների չեղարկումը «պոտենցիալ առումով կստեղծի ավելի կոշտ գլոբալ ֆինանսական պայմաններ եւ կարող է առաջ բերել կապիտալի արտահոսք զարգացող շուկաներից», նախազգուշացրել է Ինդոնեզիայի կենտրոնական բանկի կառավարիչ Փերի Վարջիյոն։