Ընդդիմությունը հանդես կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու վերաբերյալ հակաառաջարկով։ Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի մաս էր կազմում։   

«Սակայն ընդդիմությունն ամենեւին չէր ակնկալում, որ քննիչ հանձնաժողովը կղեկավարի գործող իշխանության ներկայացուցիչը։ Պատկերացրեք՝ շենք է փլուզվել, մարդիկ են զոհվել։ Պատճառները պարզելու համար հանձնաժողով է ստեղծվում, որը ղեկավարում է գլխավոր ճարտարապետը»,- պարզաբանեց Քոչարյանը՝ կեղծ համարելով ԱԺ նոր քննիչ հանձնաժողովի գործունեությունը։

Նա վստահ է, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում հանրությունն այդպես էլ չի ստանա հարցերի պատասխանները։

«Կատարված աշխատանքների արդյունքը կհայտարարվի պետական ​​գաղտնիք։ Այնպես որ, ընդդիմության մասնակցությունը նման ձեւաչափին անիմաստ կլիներ»,- ասաց նա։

Միաժամանակ, ըստ Քոչարյանի, ընդդիմությունը մտադիր է հանդես գալ այլընտրանքային նախաձեռնությամբ։

«Առաջիկա օրերին այդ մասին կհայտարարվի, եւ դուք հնարավորություն կունենաք համեմատել մեր առաջարկն ու այն, ինչով մտադիր են զբաղվել խորհրդարանում»,- ասաց նախկին նախագահը։