Սաուդյան Արաբիան հասկացնում է, որ չի ցանկանում ավելի շատ նավթ արդյունահանել եւ չի պնդելու, որ փոփոխվի Ռուսաստանի եւ այն արդյունահանողների հետ համաձայնագիրը, որոնք զսպում էին նավթարդյունահանման մակարդակը, տեղեկացնում է AP-ը։
Վաշինգտոնն անհանգստացած է բենզինի գնի աճի եւ ուկրաինական վառելիքային շուկայում անորոշությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության պատճառով։ Բայդենի վարչակազմը Էր Ռիյադ է ուղարկել Մերձավոր Արեւելքի գծով Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերկին եւ էներգետիկայի գծով պետդեպարտամենտի դեսպանորդ Ամոս Հոխշթեյնին, որպեսզի քննարկեն մի շարք հարցեր, որոնցից գլխավորներն են շարունակվող պատերազմը Եմենում եւ էներգիայի գլոբալ մատակարարումները։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պաշտոնյաները Սաուդյան Արաբիային կոչ են արել ավելի շատ հում նավթ արդյունահանել՝ իջեցնելու համար նավթի բարձր գները, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին ասել է, որ հանդիպման մասին ավելի հանգամանալից տեղեկություն չունի։
Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Էր Ռիյադում հանդիպումների ժամանակ ամերիկացի պաշտոնյաները չեն խնդրել սաուդցիներին ավելացնել նավթարդյունահանումը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էմիլի Հորնը ասել է, որ պաշտոնյաները սաուդցիների հետ քննարկել են «համատեղ մոտեցում»՝ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ կապված՝ շուկայի պոտենցիալ ճնշումը հաղթահարելու համար։
Սաուդցի պաշտոնյաները Associated Press-ին տեղեկացրել են, որ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը Նավթ արտահանող երկրների կազմակերպությանն (ՕՊԵԿ) ասել է, որ թագավորությունը հավատարիմ է խմբի՝ ամենամսյա զգույշ ավելացմանն ուղղված ընթացիկ ճանապարհային քարտեզին։
Սալման թագավորը նույնպես, անցած շաբաթ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում, խոսել է այս մասին։ Նա ընդգծել է այն «համաձայնագրի պահպանման կարեւորությունը», որը գոյություն ունի ՕՊԵԿ-ի, Սաուդյան Արաբիայի գլխավորած նավթային կարտելի եւ Ռուսաստանի միջեւ։
Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի ղեկավարած դաշինքը, որը հայտնի է որպես ՕՊԵԿ+, կոչ է անում աստիճանաբար ավելացնել նավթարդյունահանումը, քանի որ աշխարհը շարունակում է հաղթահարել համավարակը, բայց աշխարհաքաղաքական իրադարձություններն արագ են ծավալվում եւ հանգեցնում են շուկայի փոփոխականության։
Լցակայաններում ավելի բարձր գները սպառնալիք են ներկայացնում դեմոկրատների համար միջանկյալ ընտրություններից առաջ։ Բայդենը նախազգուշացրել է, որ գազի գները կարող են էլ ավելի բարձրանալ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժի Ուկրաինա։
Էտալոնային նավթը վաճառվում է մեկ բարելը 95 դոլարի սահմաններում, ինչն ամենաբարձր մակարդակն է վերջին ութ տարիների ընթացքում։ ԱՄՆ-ում սովորական բենզինի մեկ գալոնի գնի ընթացիկ միջին ցուցանիշը մոտ 3,50 դոլար է, ինչը 40 տոկոսով ավելի բարձր է, քան անցած տարի։
Հոկտեմբերին CNN-ի համաժողովի ժամանակ Բայդենն ասել էր, որ գներն ավելանում են «ՕՊԵԿ-ի կողմից մատակարարումների ուշացման» պատճառով։ «Ես վստահ չեմ, որ կխոսեմ նրանց հետ։ Բայց բանն այն է, որ խոսքը գազի արդյունահանման մասին է»,- ավելացրել է նա։
Նրա խոսքերը մեկնաբանվել են որպես հարված Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանին։ Նա է ընդունում հիմնական քաղաքական որոշումները եւ ղեկավարում թագավորության ամենօրյա գործերը։
Սաուդյան Արաբիան կարող է արտադրել օրական մոտ 12 միլիոն բարել, սակայն դրա արդյունահանումը կազմում է օրական մոտ 10 միլիոն բարել, ինչը համապատասխանում է ՕՊԵԿ+-ի սահմանափակումներին, որոնք սահմանվել են համավարակի ժամանակ։
Բայդենի վարչակազմն ընդգծել է ԱՄՆ-ի ռազմավարական շահերը Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ հեռվանալով թագաժառանգ արքայազնի հետ Թրամփի վարչակազմի անձնական հարաբերություններից, որոնք առաջ են մղվել խորհրդական Ջարեդ Քուշների կողմից։
Իր նախագահության ողջ ընթացքում Բայդենը խուսափել է թագաժառանգ արքայազնի հետ ուղիղ զրույցներից՝ փոխարենը նախընտրելով խոսել թագավոր Սալմանի հետ։
ՕՊԵԿ+ խումբը մշտապես դիմակայել է ավելի շատ նավթ արդյունահանելու Բայդենի ճնշմանը՝ փոխարենը որոշելով պահպանել արդյունահանման զգուշավոր ամսական աճը։ Նավթի ավելի բարձր գները բարենպաստ են ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Ռուսաստանի տնտեսությունների համար, քանի որ Մոսկվան բախվում է Ուկրաինայի հետ կապված Արեւմուտքի հնարավոր պատժամիջոցներին:
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Էր Ռիադում տեղի ունեցած էներգետիկայի հարցով ֆորումի ժամանակ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բին Սալմանը մերժել է նավթարդյունահանումն ավելացնելու կոչերը եւ ասել, որ ՕՊԵԿ-ի անդամների միջեւ քվոտաների վերանայումը կարող է ավելի շատ փոփոխականություն առաջացնել նավթային շուկաներում:
Ֆորումի ժամանակ Պետդեպարտամենտի՝ էներգետիկայի հարցերով ներկայացուցիչը նշել է, որ «էներգետիկ անվտանգությունը չի կարող ընկալվել հավուր պատշաճի»:
«Մենք տեսնում ենք գնաճ, եւ այսօր մենք ունենք զգալի ռիսկ, աշխարհքաղաքական ռիսկ՝ կապված մեր շուկաներում գների հետ»,- ասել է նա: Նա հավելել է, որ նավթի բարձր գները եւ բարձր գնաճը ցիկլային են եւ ազդում են միմյանց վրա։ Նրա խոսքով՝ նավթ արտադրողները պետք է «համոզվեն, որ առաջարկը բավարարում է պահանջարկը»։
Ելույթ ունենալով նույն ֆորումում` Էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարն ասել է, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են նպաստել գների կայունացմանը, եթե ավելի շատ նավթ արտադրեն:
Էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը կոչ է արել ՕՊԵԿ+-ի արտադրողներին «ավելի մեծ ծավալով ապահովել շուկաներին»՝ նվազեցնելու գների փոփոխականությունը, որը բեռ կդառնա տնային տնտեսությունների համար։




























