ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Լեհաստանին 250 «Abrams» տանկերի վաճառքի պլանների մասին, քանի որ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին արեւելաեվրոպական հանգուցային դաշնակցի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ:

«Եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա, Լեհաստանը կարող է տեսնել, թե ինչպես են տասնյակ հազարավոր տեղահանված ուկրաինացիներ եւ այլ անձինք անցնելու իր սահմանով՝ փորձելով իրենց եւ իրենց ընտանիքներին փրկել պատերազմի աղետներից», - ասել է Օսթինը Վարշավա կատարած այցի ընթացքում։

 «Abrams» տանկերի վաճառքը Լեհաստանին, որտեղ գտնվում է նաեւ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ապագա օբյեկտը, Միացյալ Նահանգների հետ խորը եւ աճող պաշտպանական հարաբերությունների եւս մեկ նշան է։  Այն հետեւել է Լեհաստանում շուրջ 5000 լրացուցիչ ամերիկացի զինծառայողների, ինչպես նաեւ լրացուցիչ կործանիչների տեղակայմանը՝ ուկրաինական ճգնաժամին Վաշինգտոնի արձագանքի շրջանակներում, հաղորդում Է Reuters-ը:

Abrams M1A1 մարտական տանկը հագեցած է ձեռքով լիցքավորվող թնդանոթով, որը կարող է կրակ բացել հակառակորդի կենդանի զրահատեխնիկայի եւ նույնիսկ ցածր թռչող ինքնաթիռների ուղղությամբ։

«Դա «Abrams»-ի ամենաժամանակակից տարբերակն է, եւ այն Լեհաստանին կապահովի առաջավոր տանկային ներուժով», - հայտարարել է Օսթինը մամուլի ասուլիսում։

«Դա նաեւ կամրապնդի լեհական զինված ուժերի հետ մեր օպերատիվ համատեղելիությունը՝ մեծացնելով վստահությունը զսպման մեր համատեղ ջանքերի եւ ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակիցների ջանքերի նկատմամբ։ Լեհաստանը լսելով չէ, որ գիտի, թե որքան բարձր գին են վճարում ավելի մեծ հարեւանների կողմից ագրեսիայի ենթարկված զոհերը, եւ նա արժեքավոր ներդրում է ունեցել Ուկրաինային օգնելու գործում՝  նրա պաշտպանունակության ամրապնդման տեսակետից», - ասել է Օսթինը։