Ուկրաինայի շուրջ հրապարակային հռետորաբանությունը պետք է ուղղվի լարվածության նվազեցմանը, ոչ թե տարաձայնությունների ավելացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այդ խոսքերը հիշեցրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության ֆոնին, որ այդ երկիրը, հնարավոր է, դուրս գա Բուդապեշտի հուշագրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք պատրաստվում մեկնաբանել ամենն, ինչ ասվել է համաժողովի ժամանակ: Ես հղում կանեմ խոսքերին, որոնք գլխավոր քարտուղարն ասել է երեկ հռետորաբանության վերաբերյալ»,-նշել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի խնդրանքին Բուդապեշտի հուշագրի վերաբերյալ Զելենսկիի խոսքերը մեկնաբանելու մասին:

Ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս կոչ է արել բոլոր կողմերին հնարավորինս զգուշավորություն ցուցաներել Ուկրաինայի շուրջ իրենց հռետորության մեջ եւ հավելել, որ հրապարակային հայտարարությունները պետք է ուղղել լարվածության թուլացմանը, ոչ թե դրա ուժգնացմանը:

Շաբաթ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է Բուդապեշտի հուշագրի անդամ երկրների մասնակցությամբ գագաթնաժողով գումարել: Նրա խոսքով՝ եթե այն չկայանա կամ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չներկայացնի, ապա հուշագիրը Կիեւի կողմից կհամարվի անվավեր՝ ներառյալ բոլոր դրույթները, որոնք ստորագրվել են 1994 թվականին: