Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիեւն ընդգծել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ կապերի հաջող զարգացումն ու կառուցողական երկխոսությունը։ Նա նշել է, որ մշտական շփման մեջ է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ եւ դրական է գնահատում նրա ներդրումը Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Տ.Կլաարը՝ գոհունակություն հայտնելով Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման կապակցությամբ, նշել է, որ Շ․ Միշելը կարեւոր աջակցություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։ Ալիեւի խոսքով՝ ԵՄ երկու հանձնակատարների մասնակցությունը Բաքվում կայացած Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի վերջին նիստին նշանակում է, որ ԵՄ-ն կարեւորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները։  

Ալիեւը նշել է դեկտեմբերին Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ կայացած հանդիպման կարեւորությունը։ Խոսելով բրյուսելյան օրակարգի կարեւորության մասին՝ նա ողջունել այն աջակցությունը, որը կտրամադրվի Ադրբեջանին ականազերծման գործընթացում։ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցներին՝ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ վարելու հարցով։

«Հիշեցնելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ավելի քան 4000 մարդ անհետ կորել է, Իլհամ Ալիեւը կարեւորել է հայկական կողմի կառուցողական պահվածքը՝ անցյալ տարի Բրյուսելում կայացած հանդիպման եւ փետրվարի 4-ին քառյակի ձեւաչափով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման արդյունքներով" Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունների վերականգնման, սահմանազատման եւ այլ սկզբունքային հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։