ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) եռակողմ հանդիպմանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը՝ «Վալդայ»միջազգային քննարկման ակումբի XI Մերձարեւելյան համաժողովի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անթալիայում տեղի կունենա մեր նախարարի երկկողմ հանդիպումը եւ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպումը»,- ասել է նա։
Բոգդանովը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նաեւ ռազմական երկխոսություն են վարում։ «Խմեյմիմ բազայում մեր ղեկավարությունը շատ առաջադեմ եւ արդյունավետ շփումներ ունի թուրք զինվորականների հետ»,- հավելել է փոխնախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել էր, որ Լավրովն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում հաստատել է իր մասնակցությունը մարտի 11-13-ը Անթալիայում նախատեսված դիվանագիտական ֆորումին, ինչպես նաեւ՝ Սիրիայի հարցով կայանալիք հանդիպմանն Աստանայի ձեւաչափով։
Չավուշօղլուն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափով հանդիպումը նախատեսված է Անթալիայում դիվանագիտական ֆորումից մեկ օր առաջ ։ Սիրիայի հարցով նախորդ միջազգային հանդիպումը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 21-22-ը Նուր-Սուլթանում՝ երաշխավոր երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով։





























