Կանադայի մայրաքաղաքում կորոնավիրուսային սահմանափակումների հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում մոտ 200 ձերբակալություն է իրականացվել, հայտնում է CNN-ը։
Իշխանությունները քննարկում են ավտոմեքենաների էվակուացման եւ տուգանքների կիրառման միջոցով ցուցարարներին ցրելու հնարավորությունը:
Ոստիկանությունը հայտնել է, որ հանգստյան օրերին պղպեղի աէրոզոլ եւ հատուկ մարտավարություն է կիրառել՝ ամբոխը ցրելու եւ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին ձերբակալելու համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների թվում ցուցարարներ կան, ում մոտ, ենթադրաբար, ծխային նռնակներ, հրավառություններ կային, բացի այդ, նրանք զրահաբաճկոններով էին:
Օնտարիոյի ոստիկանության հատուկ քննչական բաժինը նաեւ մի միջադեպ է քննում, որի ժամանակ, ըստ հաղորդումների, մի կին, լրջորեն վիրավորվել է ձիու վրա նստած ոստիկանի հետ բախումից հետո, եւ երկրորդ դեպքը, երբ ոստիկանը հրազեն է կիրառել ցուցարարների դեմ:
Օտտավայի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Սթիվ Բելը կիրակի կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ ցուցարարների թիվը կտրուկ նվազել է։
«Չնայած ես գիտեմ, որ բոլորն են ուրախ տեսնել, որ բազմաթիվ անօրինական ցուցարարներ հեռացել են, սա մեր քաղաքի նորմալ վիճակը չէ,- ասել է նա:- Չնայած վերջին մի քանի օրերի հաջողություններին՝ այդ միջոցները դեռ անհրաժեշտ են մեզ՝ անօրինական ցույցերի մասնակիցների վերադարձը կանխելու համար»։
Բելը հայտնել է, որ 191 ցուցարար ձերբակալվել է, իսկ 107 հոգու մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքների թվում են ոստիկանների աշխատանքին խոչընդոտելը, դատարանի որոշմանը չենթարկվելը, հարձակումը, անկարգությունները, զենք պահելը եւ ոստիկանի վրա հարձակումը:
Օնտարիոյի նահանգային ոստիկանության փոխկոմիսար Քրիս Հարկինսը մամուլի ասուլիսին հայտնել է, որ առգրավվել եւ էվակուացվել է 76 ավտոմեքենա։
Օտտավայում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի վերջին բեռնատարների վարորդների կողմից, ովքեր դեմ են Covid-19-ի դեմ պատվաստումներին եւ պարտադիր թեստավորմանը: Սակայն նրանց միացան նաեւ այլ մարդիկ՝ կորոնավիրուսի տարածման դեմ մի շարք այլ միջոցառումների հետ կապված իրենց բողոքն արտահայտելու համար:
Պաշտոնյաները խոստացան վերջ տալ բողոքի ակցիաներին աննախադեպ արձանագրությունների, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների մասին օրենքի միջոցով: Օրենքը թույլ է տալիս Կանադայի կառավարությանը ռազմական ուժեր ներգրավել, սակայն վարչապետ Ջասթին Թրյուդոն հասկացրել է, որ զորքերի կարիք չի լինի:





























