Առավել քան ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ ծրագրեր ունեն։ Նպատակ ունեին ազատվել Արցախից, որպեսզի իրենց ձեռքերը ոչնչոբ կապված չլինեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը նշեց, որ այսօր նրանք այդ սերտ համագործակցությունը չեն էլ թաքցնում:

Նա կարծում է, որ նույն պատճառով Հայաստանում իշխող կուսակցության պատգամավորները կողմ չքվեարկեցին Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը։ Բացի այդ, նրանք հանգիստ են մեկնաբանում ադրբեջանական պատվիրակության ժամանումը Երեւան։ Հակոբյանը դա հերթական սպառնալիք անվանեց, որն անպայման շարունակություն կունենա:

«Խնդիրն անգամ առանձին այցի մեջ չէ, այլ՝ իրականացվող ծրագրի։ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները մեկ մարմին են եւ գնում են համատեղ ծրագրի իրականացման ճանապարհով։ Վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները թշնամաբար են վերաբերվում Արցախին վերաբերող ցանկացած նախագծի»,- ընդգծեց նա։ Պատգամավորը կոչ արեց անտարբեր չլինել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում տեղի ունեցողի նկատմամբ։

«Մենք այն իրավիճակում չենք, որ կարողանանք խոսել խնդիրներն առանձին դիտարկելու մասին։ Ամեն ինչ փոխկապակցված է։ Հայաստանի իշխանությունների այս կամ այն գործողություններն ուղղակի սպառնալիք են Արցախի համար եւ հակառակը»,- ​​ասաց նա։

Հակոբյանն ասաց, որ ինքը եկել է Երեւան՝ վաղվա բողոքի ակցիային մասնակցելու համար, որտեղ համապատասխան հարթակ կձեւավորվի, որը թույլ կտա խոսել այն բոլոր խնդիրների մասին, որոնց մասին աշխարհը լռում է։

«Ադրբեջանում մինչեւ հիմա հայ գերիներ են պահվում, ովքեր դեռ չեն վերադարձվել, թեեւ դա պետք է տեղի ունենար 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո։ Օմբուդսմենի խոսքով՝ Ադրբեջանում նրանք դաժան խոշտանգումների են ենթարկվում։ Մեկ այլ հարց էլ կապված է նրա հետ, թե ինչու Ացրախի ապաօկուպացում տեղի չունեցավ։ Պատերազմը կարգավիճակ չի սահմանում: Պատերազմով եկան եւ գրավեցին այն բնակավայրերը, որտեղ մարդիկ էին ապրում, բայց այդ մարդիկ վերադառնալու եւ իրենց տներում ապրելու իրավունք ունեն։ Այս կետը նույնպես արձանագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց նույնպես կատարված չէ»,- եզրափակեց նա։