Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Սահմանադրական դատարան դիմելու մասին միջնորդություն է ներկայացրել։
Փաստաբանը նշեց, որ դիմումի առարկան քրեական դատավարության օրենսգրքում օրենսդրական բացն է։ Օրենսգիրքը դատարանին մեղադրանքը պարզաբանելու հնարավորություն չի տալիս, երբ այն պարզ չէ շարադրված, բայց միեւնույն ժամանակ պարզաբանելու պարտականությունը չի դնում դատախազի վրա։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում երկրորդ նախագահի փաստաբանները լքել էին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի, քանի որ մեղադրանքը պարզ չէ։ Փաստաբանները դատարանին խնդրել են նշել, թե հատկապես ինչի համար են մեղադրվում Քոչարյանն ու Գեւորգյանը, ինչ արարք է կատարվել կամ չի կատարվել։
Դատախազներն ու դատարանը համարել են, որ ամեն ինչ միանգամայն պարզ է։ Ի պատասխան՝ նախկին նախագահի փաստաբանները լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատավոր Աննա Ջանիբեկյանը որոշ մտորումներից հետո պատժամիջոց է կիրառել տուգանքի տեսքով։
Փաստաբանը վկայակոչել Է Սահմանադրության այն պահանջները, որոնց համաձայն մեղադրյալը պետք է մանրամասն տեղեկացված լինի մեղադրանքի մասին, նույնը պահանջում են միջազգային նորմերը եւ դատական նախադեպերը։
Մյուս կողմից, գործող օրենսդրությունը դատարանին մեղադրանքը վերաձեւակերպելու եւ բացատրելու հնարավորություն չի տալիս եւ միեւնույն ժամանակ չի պարտավորեցնում դատախազներին անել դա։
Իրավիճակը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատավարության իրավունքի մասին դրույթին։ Մեղադրանքը կարող է անհասկանալի լինել նաեւ դատավորի համար, հավելել Է փաստաբանը։
Ընդ որում փաստաբանը հիշեցրել է ընդհանուր իրավասության դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու պարտավորության մասին՝ օրենքի հակասությունների առկայության փոքր-ինչ կասկածի դեպքում։ Տվյալ դեպքում՝ խոսքը գնում է օրենսդրական բացի մասին։
Փաստաբանը նաեւ միջնորդել է մինչեւ ՍԴ որոշումը գործի քննությունը կասեցնելու մասին։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդությունն անհիմն է համարել։ Նրա խոսքով՝ մեղադրանքի անհստակության մասին ձեւակերպումը չի կարող օգտագործվել որպես հնարք՝ գործընթացը ավելի վաղ փուլ վերադարձնելու համար։ Բաղդասարյանը հայտարարել է, որ մեղադրանքի էությունը պետք է պարզաբանի դատարանը, իսկ պաշտպանության փաստարկներն անհիմն են։
Լսելով կողմերին՝ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մարտի 1-ին ժամը 13:00-ին։











