Այսօր «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում երեւանյան նիստերին իրականում ներկայացված են ադրբեջանական երկու պատվիրակություններ, որոնցից մեկը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են։ Այս մասին «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների Երեւան գալու դեմ փետրվարի 22-ի բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Հայաստանի իրական օրակարգը, նրա խոսքով, ոչ մի կապ չունի Հայաստանում Ալիեւի դրածոների՝ հանձին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, օրակարգի հետ։

Նա պարզաբանեց, որ ակցիային մասնակցում են հասարակության տարբեր շերտեր։ «Քանի դեռ Հայաստանում թուրքական իշխանություններն են, ոչինչ փոխել հնարավոր չէ։ Մենք ձգտում ենք իշխանափոխության»,- նշեց Սամսոնյանը։

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն, իր հերթին, ընդգծեց, որ Թուրքիայի ստեղծած Ադրբեջանի նպատակները Հայոց ցեղասպանության ավարտից ի վեր չեն փոխվել։ Նրա գնահատմամբ՝ Արցախի եւ Հայաստանի հայերի դեմ տեղի է ունեցել ագրեսիա՝ «Հայաստանի գործող իշխանությունների աջակցությամբ»։ «Նրանք շարունակում են սպասարկել հայերի դեմ ցեղասպանության թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,- համոզված է Ալավերդյանը։