Երեւանում Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովներից մեկի նիստի շրջանակում ներկայացված շնորհանդեսը, որի վրա ցուցադրված է եղել ԼՂՀ տարածքը, զայրացրել է ադրբեջանցի պատգամավորներին։ Նրանք դա անվանել են «սադրանք»։

Ադրբեջանական կողմի դժգոհությունը հնչեցրել է պատվիրակության ղեկավար, Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Թայիր Միրկիշիլին։  

«Մենք բոլորս խորհրդարանականներ ենք եւ միջազգային կազմակերպություն ենք։ Մենք հյուրերին հրավիրում ենք մեր հանդիպմանը՝ հույս ունենալով, որ նրանք կհարգեն միջազգային կազմակերպության կանոնակարգը, որը մենք ներկայացնում ենք։ Դուք սլայդի վրա քարտեզ եք ցույց տվել, որի վրա Ադրբեջանի մի մասը ոչ կոռեկտ է ներկայացված։ Կարծում եմ՝ սա սադրանք է»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։ 

Այնուհետեւ նա խնդրել է քարտուղարությանը նախապես ստուգել շնորհանդեսները եւ սլայդները՝ նախքան դրանք էկրանին ցուցադրելը: