Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսելով անտեսել է արյունահեղությունը դադարեցնելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերը։
«Բաքուն ուժ է կիրառել խաղաղ բնակչության, կանանց եւ երեխաների նկատմամբ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։ Շատ քաղաքացիական անձինք եւ զինվորականներ ռազմագերիներ են դարձել։ Ոմանց խոշտանգել են, ոմանց՝ պահել բանտերում՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին»,- նշեց Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը խոսում է խաղաղության, հարաբերությունների կարգավորման մասին, սակայն, միեւնույն ժամանակ, փակում է Հայաստանից Արցախ տանող ճանապարհը, ինչպես նաեւ Հայաստանը Իրանին կապող մայրուղու մի հատվածը։
Պատգամավորը քննարկման մասնակիցներին հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է ԵԱՀԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցերին։
«Նրանց բոլոր գործողությունները մնում են անպատիժ։ Բաքվի ցինիզմը հասել է իր գագաթնակետին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված է»,- ասաց նա։
Նա մատնանշեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Խաչատրյանն ընդգծեց, որ Բաքվի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են եւ հանգեցնում են խաղաղություն հաստատելու հնարավորությունների խաթարմանը։





























