Լեռնային Ղարաբաղը վերահսկվում է ոչ թե հայերի, այլ մարմինների կողմից, որոնք ընտրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների կողմից։ Խոսքը նախագահի ինստիտուտի, պետական կազմավորմանը բնորոշ այլ ինստիտուտների մասին է։ Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին հայտարարեց հայկական պատվիրակության անդամ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը:

Այդպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովը ներկաներին վստահեցրել է, որ Ադրբեջանը համաճարակաբանական իրավիճակը Ղարաբաղում  վերահսկողության տակ է պահում:

«Լեռնային Ղարաբաղի այդ հատվածը, որտեղ հայեր են ապրում, մեր վերահսկողության տակ է։ Բնակչության պատվաստումն իրականացվում է ռուս խաղաղապահների ու դիտորդների կողմից։ Ադրբեջանը երաշխավորում է բոլոր փոքրամասնություններին հավասար իրավունքները, այդ թվում՝ որոշակի ծառայություններից օգտվելու հարցում։ Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող ազգային փոքրամասնություններին։ Այնպես որ, պատվաստումների մեր ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվում է, իրականացվել է երկրի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մամեդովը։

Ադրբեջանցի պատգամավորի խոսքերը վրդովվեցրին հայկական պատվիրակության անդամներին: Դժգոհություն հայտնեցին, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Նրանք քննադատեցին Մամեդովի հայտարարությունը` մատնանշելով ադրբեջանական կողմի կեղծավորությունը։

«Չէի ուզում ասել, բայց դուք ինձ ստիպեցիք։ Ադրբեջանն ու Թուրքիան աշխարհում միակ երկրներն են, որոնք խախտել են ՄԱԿ-ի՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ռազմական գործողությունները չվերսկսելու պահանջը»,- ասաց Մամիջանյանը։

Հայկական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդհանրապես ապշեց ադրբեջանցի պատգամավորի ելույթից։

«Ինձ ապշեցրեց այն, ինչ լսեցի այստեղ։ Հոգածություն Արցախի ժողովրդի համա՞ր: Ժողովրդի պատվաստում: Դե իհարկե։ Չէ որ, որպես իրենց մտահոգության դրսեւորում, նրանք ռումբեր էին օգտագործում։ Նրանք այդպես էին «պատվաստում» Արցախի թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում ապրող բնակչությանը։ Մտածելով քովիդի մասին՝ նրանք իրենց հայացքն ուղղեցին Ստեփանակերտում գտնվող հիվանդանոցին: Նրանք մտածում էին հիվանդների մասին, ովքեր համբերատար «համապատասխան բուժման» էին սպասում: Կարծում եմ՝ մենք կեղծավորության մի հրաշալի օրինակի ականատես եղանք»,- ասաց պատգամավորը։