Վրաստանի կառավարությունը մարտի 1-ից կթուլացնի կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները։ Այս մասին այսօր հայտարարել է Միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Մարտի 1-ից արգելքը կհանվի 67 երկրների համար, որոնց քաղաքացիների մուտքը Վրաստան նախկինում սահմանափակված էր. այժմ նրանք կարող են մուտք գործել երկու պայմանով՝ պատվաստման կուրսի առկայություն կամ բացասական ՊՇՌ թեստ։

Վրաստանի քաղաքացիները նաեւ կարող են երկիր մուտք գործել թեստի կամ պատվաստման կուրսի հաստատման հիման վրա, իսկ եթե չունեն դրանք, ապա ժամանելուն պես կարող են հինգ օրով ինքնամեկուսացվել։

Նաեւ երկիր մուտք գործողներն ազատվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ թեստ հանձնելու պարտավորությունից:

Կարանտինային գոտիները վերացվում են. վարակվածներն ինքնամեկուսացում կանցնեն:

Ինչ վերաբերում է սրճարանների եւ ռեստորանների աշխատանքին, ապա փակ տարածքներում վեց մարդու փոխարեն սեղանի շուրջ կարող է նստել 10 հյուր, իսկ բաց երկնքի տակ՝ 15 մարդ՝ 10-ի փոխարեն։ Հյուրերի առավելագույն թվի նորմը նույնպես չեղարկվում է։

Թույլատրվում է նաեւ հանրային միջոցառումներ անցկացնել՝ հարսանիքներ, ծննդյան տոներ, հոգեհանգստի արարողություններ եւ այլն։

Առեւտրի կենտրոններում եւ հանրային ծանրաբեռնվածության այլ վայրերում չեղյալ է հայտարարվում այցելուների ջերմության ստուգում իրականացնելու, համապատասխան գրանցամատյան վարելու պարտավորությունը։

Հյուրանոցներին թույլատրվում է հյուրերին սպասարկել շվեդական սեղանի միջոցով:

Մարտի 4-ից թույլատրվում է գործել գիշերային ակումբներին, ընդ որում, զբաղվածությունը շարունակվում է սահմանափակված լինել տարածքների 60 տոկոսի չափով:

Մարտի 15-ից թույլատրվում է առանց սահմանափակումների գիտաժողովներ եւ թրենինգներ անցկացնել: