ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է ձեռնարկում Ուկրաինայի դեմ, եւ դատապարտել է Մոսկվայի՝ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու որոշումը, հայտնում է AP-ն։

Սթոլթենբերգն այդ քայլը «Ռուսաստանի կողմից լուրջ էսկալացում եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում» է անվանել:

ՆԱՏՕ-ի ղեկավարը ռազմական գործողությունները որպես Ուկրաինա «հետագա ներխուժում» է որակել Ռուսաստանի կողմից, «որն արդեն 2014 թվականին ներխուժել էր իր հարեւանի տարածք»:

Նա հավելել է, որ «կան բոլոր նշանները», որ Ռուսաստանը շարունակում է լայնածավալ հարձակում  ծրագրել Ուկրաինայի վրա։

Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բարձր պատրաստության վիճակում գտնվող ավելի քան 100 ռազմական ինքնաթիռ եւ ավելի քան 120 ռազմանավ ունեն ծովում՝ Հյուսիսային բեւեռային շրջանից մինչեւ Միջերկրական ծով:

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը շարունակում են բարձր պատրաստվածության վիճակում մնալ, բայց դեռ տեղակայված չեն, թեեւ որոշ դաշնակիցներ զորքեր, նավեր եւ ինքնաթիռներ են տեղակայում Բալթյան երկրներում եւ Սեւ ծովի մոտ՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամներին պաշտպանելու համար: