Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփյուռքահայ երիտասարդներին այսօր` հուլիսի 22-ին, ընդունել է  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները, որպես հայ ժողովրդի մի մաս, հայրենիքին կարող են զորակցել իրենց գիտելիքներով: Խոսելով բանակ-հասարակություն կապի կարեւորության մասին, նա, մասնավորապես, ասել է. «Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային կապերին` փորձելով դրանք դարձնել առավելագույնս թափանցիկ: Մենք մշտապես ասում ենք, որ այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են»: Նախարարը հավաստիացրել է, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են սփյուռքահայ երիտասարդի մոտ հայրենաճանաչողության եւ ազգային ոգու բարձրացմանը:

Ս. Օհանյանի հետ հանդիպումից առաջ ուսանողներն այցելել են նաեւ ԼՂՀ, ծանոթացել զինվորների առօրյային, շփվել հայրենակիցների հետ, եղել տարբեր տեսարժան վայրերում:

ՀԲԸՄ համաշխարհային խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը սփյուռքահայ երիտասարդների մասին նշել է. «Նրանք օտար քաղաքացիներ են, սակայն ցանկանում են իրենց հայրենիքի մի մասը կազմել»:

Այնուհետեւ նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են Աֆղանստանում հայ խաղապահների առաքելությանը, հայկական բանակի մարտունակությանը, ղարաբաղյան հարցին, Հայաստանի վարած պաշտպանական քաղաքականությանը: 

Նախարարի հետ հանդիպումից հետո սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ապագա սպաների առօրյային, ուսումնական գործընթացին: Նրանք այցելել են նաեւ ինստիտուտի թանգարան, որտեղ սփյուռքահայ երիտասարդներին հանգամանալից ներկայացվել է արցախյան պատերազմի պատմությունը: