Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գործունեությունը բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` բարոնուհու հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարոնուհի Քոքսը նշել է, որ, մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է տածել Հայաստանի նկատմամբ, եւ վստահեցրել, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների առավել ամրապնդման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական հարաբերությունների ներկա փուլին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում բարոնուհի Կոքսը կարեւորել է նախարար Նալբանդյանի` անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցելությունը. հանդիպումը ՄԹ արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգթոնի հետ, ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում՝ նշելով, որ դա լավ հնարավորություն էր բրիտանացի փորձագետների համար՝ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:




























