Երեւանում հուլիսի 22-ին կայացած հայ-թուրքական բիզնես-ֆորումի ընթացքում հայկական եւ թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիա հիմնելու մասին հուշագիր է ստորագրվել։

Ասոցիացիայի ստեղծման նպատակը հայկական եւ թուրքական տուրիստական գործակալությունների գործունեության համակարգումն է, փոխադարձ եւ միջազգային զբոսաշրջության խթանումը։ Հայաստանի գործարարների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով, այս ֆորումի նպատակը երկու հարեւան երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացումն է։

Ծրագրի շրջանակներում Վանից հրավիրվել է 27 գործարար, մի քանի հասարակական եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հայ ձեռնարկատերերը պատասխան այցով Վան կմեկնեն այս տարվա աշնանը։