Ապրիլին Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի դեմ միջպետական բողոքի վերաբերյալ։ Այս մասին APA-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության Գերագույն դատարանի փոխնախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ԱՀ լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը։

Նա տեղեկացրել է, որ 2021թ. հունվարին բողոքի կազմման աշխատանքն ամբողջովին ավարտվել է, այն ուղարկվել է Եվրոպական դատարան։ Ասքերովի հավաստիացմամբ՝ Եվրոպական դատարանում սկսվել է դատական վարույթ բողոքի տրման հնարավորության հետ կապված, եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի դիրքորոշումը կներկայացվի Ստրասբուրգում։

«Հետաքրքիր է, որ Հայաստանը, չնայած պնդում է, որ անհրաժեշտ է հետաքննել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները ինչպես միջազգային կազմակերպություններում, այնպես էլ տեղեկատվական տարածքում, Երեւանը փորձում է երկարացնել գործընթացը՝ մշտապես միջնորդություններ տալով  Եվրոպական դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելու ժամանակը երկարացնելու համար։ Զարմանալի չէ, որ վերջին անգամ Եվրոպական դատարանը հայտարարել էր, որ Հայաստանի միջնորդություններն այլեւս չեն դիտարկվելու»,- հավաստիացրել է Ասքերովը։