Արդեն երկրորդ կարեւորագույն հարցի հետ կապված ԱԺ քաղաքական մեծամասնությունը ձախողեց ԱԺ արտահերթ նիստը. առաջին նախաձեռնությունը սահմանազատման եւ սահմանագծման առիթով էր, քաղաքականմեծամասնությունը պատճռաբանեց, որ հայտարարության մեջ կան ներքաղաքական գնահատումներ, այդ բացատրությամբ չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երկրորդը «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարություն ընունելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստի տապալումն էր:
Նրա խոսքով, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել հակահայկական «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ. «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը գրված էր, որ օկուպացված Շուշիում ընդունված փաստաթուղթն անընդունելի է մեզ համար: Քաղաքական մեծամասնությունն առանց որեւէ լուրջ փաստարկի բոյկոտեց, իսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասական եզրակացություն տվեց այս նախագծին: Սրանով քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթը եւ սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը»,-ասաց նա:
Սաղաթելյանը նկատեց, որ իրենք ավելի մեղմ ձեւակերպումներ էին տվել, քան այն հայտարարությունը, որն արել էր ԱԳ նախարարը 2021-ի մայիսին:
«Սրանից հետո եթե քաղաքական մեծամասնությունից որեւէ մեկը կգա կասի, որ հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ նախապայման չկա, սա ընդամենը երեսպաշտություն է եւ մեր ժողովրդին ձեռ առնելու փորձ»,-հայտարարեց Սաղաթելյանը:











