Ռուսական լայնամասշտաբ ներխուժման սպառնալիքին ի պատասխան՝ Ուկրաինա ավելի շատ բրիտանական զենք կուղարկվի, հայտնում է PA Media-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիր մահաբեր պաշտպանական զենք եւ ոչ մահաբեր օգնություն կուղարկվի:
Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիան արդեն հակատանկային զենք է ուղարկել ուկրաինացի զինվորականներին՝ «երկրի սահմանները շրջափակող ռուսական ուժերի կողմից բխող սպառնալիքին դիմակայել օգնելու համար»:

«Ռուսաստանի ավելի ու ավելի սպառնալից պահվածքի լույսի ներքո եւ մեր նախորդ աջակցության համաձայն՝ Մեծ Բրիտանիան շուտով ռազմական օգնության եւս մի փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այն մահաբեր օգնություն կներառի՝ պաշտպանական զենքի եւ ոչ մահաբեր օգնության տեսքով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Դաունինգ Սթրիթը, «օպերատիվ անվտանգության նկատառումներով», այլ մանրամասներ չի հայտնել ցուցաբերվող օգնության մասին։

Իր հերթին, լեյբորիստների առաջնորդ սըր Քիր Սթարմերը զգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ մինչ այժմ հայտարարված պատժամիջոցները կարող են «սխալ ազդանշան ուղարկել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Լեյբորիստների առաջնորդի խոսքով՝ «ներխուժումն արդեն տեղի է ունեցել», եւ նա Ջոնսոնին կոչ է արել պատժամիջոցների ամբողջական փաթեթ կիրառել, «այդ թվում՝ ռուսների բացառում ֆինանսական մեխանիզմներից, ինչպիսին է Swift-ը, ինչպես նաեւ՝ ռուսական սուվերեն պարտքով առեւտրի արգելքը»։

«Մենք ցանկանում ենք դեէսկալացում տեսնել Վլադիմիր Պուտինի կողմից. դեռ հույս կա, որ նա խելքի կգա, բայց մենք պատրաստ ենք շատ արագ ավելացնել մեր պատժամիջոցները»,- պատասխանել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ միջոցառումների հաջորդ ալիքը «կկանգնեցնի բոլոր ռուսական բանկերը, բոլոր օլիգարխներին, բոլոր ռուս անհատներին, ովքեր փողեր են գրավում լոնդոնյան շուկաներում»։