Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան պետք է անվտանգության հստակ երաշխիքներ ստանա, այդ թվում՝ Ռուսաստանից։
Ըստ UNIAN-ի՝ Զելենսկին այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր իր լիտվացի եւ լեհ գործընկերները մեծ ուշադրություն են հատկացրել աշխարհի եւ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը։
«Մենք միանգամայն համաձայն ենք մեր գործընկերների հետ, որ այդ ճարտարապետությունը վերականգնման կարիք ունի: Ես շատ կուզենայի, որպեսզի այդ ճարտարապետական համալիրում, ասյպես ասենք, Ուկրաինային նույնպես տեսնեն»,- ընդգծել է Զելենսկին։
Նախագահը նշել է, որ գաղտնիք չէ, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը չի գործում։
«Եվ մենք ձեզ հետ հստակ հասկանում ենք, որ պատրանք չկա, որ Ուկրաինան այսօր չկա անվտանգության որեւէ դաշինքի մեջ: Ոչ մի տեղ չկա։ Մենք պաշտպանում ենք մեզ մեր գործընկերների աջակցությամբ, բայց զոհվում են հենց ուկրաինացիները։ Ուստի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են պետք՝ հստակ, կոնկրետ, արդեն հիմա։ Որովհետեւ մենք ուզում ենք իմանալ, որ մենք կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին, մեր տները եւ ոչ միայն՝ ինքներս: Շատ անհրաժեշտ է, որպեսզի լինի մյուս գործընկերների աջակցությունը»,- ընդգծել է Զելենսկին։
«Իսկ այն փաստով, որ մենք այսօր սահմանին 150.000 ռուս զինծառայող ունենք, ժամանակավորապես օկուպացված տարածքներ, կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է լինի այդ երկրների թվում, որոնք անվտանգության հստակ երաշխիքներ են տալիս։ Դա գաղտնիք չէ։ Ես բազմիցս առաջարկել եմ Ռուսաստանի նախագահին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ խոսել։ Որովհետեւ սա երկխոսության հարց է, ոչ թե՝ պայմանների եւ նման այլ բաների: Ես այդպես եմ կարծում»,- ասել է Զելենսկին։





























