Ուկրաինան արժանի է Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուն, եւ Լեհաստանն ու Լիտվան ամեն ինչ կանեն դրա համար։
Այս մասին Կիեւում Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, փոխանցում է Ukrinform-ը։

«Այսօրվա աշխարհում ազդեցության գոտիներ ստեղծելու տեղ չկա։ Ուկրաինան արժանի է Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն: Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մենք կանենք ամեն ինչ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է քաղաքական գործիչը։

«Դուդան համերաշխություն եւ լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ կոչ է արել Ռուսաստանի ներկայացուցիչներին դադարեցնել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումը։

Բացի այդ, Լեհաստանի նախագահը դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսպես կոչված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման որոշումը՝ մեղադրելով նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խաթարման մեջ»,- նշում է լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Լիտվայի եւ Լեհաստանի նախագահներն աշխատանքային այցով գտնվում էին Ուկրաինայում։