Եվրոպական խորհուրդն այսօր միջոցառումների փաթեթ է ընդունել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման որոշմանը:
«Գոյություն ունեցող պատժամիջոցների շրջանակներում ԵՄ-ն սահմանափակող միջոցներ կտարածի Ռուսաստանի Պետդումայի բոլոր 351 պատգամավորների նկատմամբ, ովքեր փետրվարի 15-ին կողմ են քվեարկել նախագահ Պուտինին ուղղված դիմումին, որը կոչ է անում ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի «հանրապետությունների» անկախությունը։
Բացի այդ, նպատակային սահմանափակող միջոցները կկիրառվեն եւս 27 բարձրաստիճան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք դեր են խաղացել Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության խաթարման կամ սպառնալիքի մեջ։ Դրանց թվում են որոշում կայացնողները, ինչպիսիք են կառավարության անդամները, ովքեր ներգրավված են եղել անօրինական որոշումներ կայացնելու մեջ, բանկեր եւ գործարարներ/օլիգարխներ, ովքեր ֆինանսապես կամ նյութապես աջակցում կամ օգուտ են քաղում Ռուսաստանի գործողություններից Դոնեցկի եւ Լուգանսկի տարածքներում, բարձրաստիճան զինվորականներ, ովքեր դեր են խաղացել ներխուժման եւ ապակայունացնող գործողություններում. ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ ապատեղեկատվական պատերազմի համար պատասխանատուներ։
Սահմանափակիչ միջոցներն ակտիվների սառեցում եւ նշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջոցների տրամադրման արգելում են ներառում: Բացի այդ, նշված անձանց նկատմամբ կիրառվող ուղեւորությունների արգելքը թույլ չի տալիս նրանց մուտքը կամ տարանցումը ԵՄ տարածքով»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Նոր միջոցներն ուղղված կլինեն առեւտրին ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից, դեպի ԵՄ եւ ԵՄ-ից, «որպեսզի պատասխանատու անձինք հստակ զգան իրենց անօրինական եւ ագրեսիվ գործողությունների տնտեսական հետեւանքները»:
«Այսօրվա որոշումը, մասնավորապես, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ոչ կառավարական վերահսկվող տարածքներից ապրանքների ներմուծման արգելք, տնտեսության որոշ ոլորտների հետ կապված առեւտրի եւ ներդրումների սահմանափակում, զբոսաշրջային ծառայությունների մատուցման արգելք, ինչպես նաեւ որոշակի ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելք կներառի»,- ասվում է փաստաթղթում։
«Խորհուրդը որոշում է կայացրել ոլորտային արգելք մտցնել Ռուսաստանի Դաշնության, դրա կառավարության եւ Կենտրոնական բանկի ֆինանսավորման համար: Սահմանափակելով ռուսական պետության եւ կառավարության մուտքը դեպի ԵՄ կապիտալի շուկաներ եւ ֆինանսական ծառայություններ՝ ԵՄ-ն ձգտում է սահմանափակել էսկալացիոն եւ ագրեսիվ քաղաքականության ֆինանսավորումը…
ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում անհապաղ ավելի լայն քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ ընդունել եւ վերահաստատում է իր անսասան աջակցությունն ու հանձնառությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ, որում ԵՄ-ն այդ թվում նաեւ կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել ԴժՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումից:





























