Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զբաղվում է այնպիսի գործերով, որոնց համար, պետք է որ ժամանակ չունենար: Այս մասին գրում է վրացական Journalist.ge գործակալությունն` անդրադարձել է վերջերս Բաթումի քաղաքում Սահակաշվիլիի կողմից բացած «Ռեդիսոն» հյուրանոցին:

Պարբերականը գրում է. «Միխայիլ Սահակաշվիլին իր պարտավորություններից բացի զբաղված է նաեւ այնպիսի գործերով, որոնց համար նա չպետք է որ ժամանակ ունենա եւ որոնք ընդհանրապես նրան չեն վերաբերում: Սահակաշվիլիի աշխատանքային պարտականությունների մեջ չեն մտնում հեռուստաշոուների ճակատագրերը (Սահակաշվիլին խիստ հետաքրքրվում է, թե ով հաղթող կճանաչվի այս կամ այն նախագծում), կամուրջների կամ հյուրանոցների կառուցումը կամ շինությունների գույները»:

Կայքէջը հայտնում է, որ «Ռեդիսոն» հյուրանոցի բացման ժամանակ վրացի արվեստագետ Թամարա Ամաշուկելին ոչ միայն փնովել է Սահակաշվիլիի ճաշակը, այլեւ անդրադարձել է նաեւ նախագահի մենթալիտետային խնդիրներին:

«Վթարային շենքերը գունավոր ներկելով Բաթումից Հռոմ չենք ստանա, կամ էլ դա ինչներիս է պետք: Ինձ դուր է գալիս իմ մշակութային ժառանգությունը, իսկ Սահակաշվիլին ձգտում է այն նմանեցնել Շվեյցարիային կամ Մոնտե Կառլոյին»,-իր կարծիքն է հայտնել արվեստագետը:

Ըստ գործակալության, Վրաստանը վերածվել է Սահակաշվիլիի երեւակայությունից ծնված մի պտղի: «Ինչպես Սահակաշվիլին ինքն է նշել, Վրաստանն իր դուստրն է եւ ինչպես ուզում է, այնպես էլ զուգում ու զարդարում է»,- նշել է պարբերականը: