Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Բուխարեստի Արեւելաեվրոպական եւ ասիական հետազոտությունների կենտրոնի եվրաատլանտյան ծրագրերի տնօրեն Ջորջ Նիկոլեսկուն եւ նույն կենտրոնի գործադիր տնօրեն Սիմոնա Սուարեն:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 20-ին հյուրերին ընդունել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը եւ Ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել են ասոցիացիայի խորհրդի անդամները:

Հյուրերը ներկայացրել են իրենց այցի նպատակները` «Սեւծովյան տարածաշրջանում բնական եւ մարդածին աղետների վերացումը եւ վերականգնումը» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի

21-ին հյուրերը հնարավորություն են ունեցել հանդիպելու ՀՀ գերատեսչությունների, մասնավորապես` Կրթության եւ գիտության, արտաքին գործերի, պաշտպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների, Հայաստանի Փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ, եղան Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներում:

Այսօր տեղի է ունեցել Ջորջ Նիկոլեսկուի եւ Սիմոնա Սուարեյի հանդիպումը Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: