Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Սարգսյանը ներկաներին տեղեկացրել է, որ խորհրդի կազմում ընդգրկվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ինչը պայմանավորված է Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացմանը շահագրգիռ գերատեսչության մասնակցության անհրաժեշտությամբ:

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքային զարգացման բաժնի մասնագետը մանրամասներ է ներկայացրել Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագրի իրականացման ուղղությունների եւ մեխանիզմների վերաբերյալ: Նշվել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի Երեւանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաեւ մայրաքաղաքը ՀՀ մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը։

Հաջորդիվ խորհուրդը քննարկել եւ հաստատել է  «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Երեւան քաղաքի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցի նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման աջակցության խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի (TOR) շրջանակի եւ մրցույթի հետաքրքրության հայտ (EOI) ներկայացնելու հայտարարությունը:

Օրակարգի մեկ այլ հարցով հաստատվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում մշակված տեխնիկական առաջադրանքների հիման վրա հայտարարված մրցույթների գնահատման հանձնաժողովի կազմը` բաղկացած շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից եւ անկախ փորձագետներից:

Նիստում որոշվել է կառավարման խորհրդի` քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հարցերով քարտուղար նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին: