Եվրամիությունը պատժամիջոցներ կմտցնի Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերի դեմ եւ կարգելի ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկաներ։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Այսօր մենք եվրոպական երկրների ղեկավարների հավանությանը կներկայացնենք զանգվածային պատժամիջոցների փաթեթ՝ ուղղված Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերի դեմ եւ կարգելափակենք կարեւոր տեխնոլոգիաների ու շուկաների հասանելիությունը։ Մենք կսառեցնենք ռուսաստանյան ակտիվները Եվրամիությունում եւ կփակենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկաներ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նա Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինա ներխուժման համար եւ դատապարտել այդ գործողությունները։ «Մենք դատապարտում ենք այդ բարբարոսական գրոհը եւ այն արդարացնելու համար օգտագործված ցինիկ փաստարկումը»,- ավելացրել է նա։