Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր` հուլիսի 22-ին մեղավոր է ճանաչել 4 լուսանկարիչներին, ովքեր կալանավորվել էին այս ամսվա սկզբին` լրտեսության կասկածանքով: Դատարանը նրանց պայմանական ժամկետներով է դատապարտել:
EPA-ի ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեին դատարանը դատապարտել է 3 տարվա պայմանական ազատազրկման, Ֆոտոթղթակիցներ Գեորգի Աբդալաձեին եւ Իրակլի Գեդենիձեին (Վրաստանի նախագահի անձնական լուսանկարիչ)` 4 տարվա պայմանական ազատազրկման: Իրակլի Գեդենիձեի կնոջը` Նատիա Գեդենիձեին դատարանը դատապարտել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման: Նրանք բոլորը դատարանի դահլիճից ազատ են արձակվել, հաղորդում է interfax.ru-ն:
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը միջնորդել էր, որ նրանց նկատմամբ հենց այդպիսի մեղմ պատիժ կիրառվի, քանի որ նրանց հետ կնքվել էր ընթացակարգային համաձայնություն:
Երկրի գլխավոր դատախազությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է լուսանկարիչների գործով որոշ մանրամասներ: Ըստ գործի նյութերի, կալանավորված լուսանկարիչները հավաքագրվել էին Ռուսաստանի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության կողմից: Նրանք գաղտնի փաստաթղթեր են փոխանցել Մոսկվային:
Հետաքննության վարկածով, Կուրցիկիձեն եւ Աբդալաձեն ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ «լինելով գաղտնի կապի մեջ», պարբերաբար, ապօրինաբար ձեռք են բերել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ դրանք փոխանցել նշված ծառայությունների աշխատակիցներին:
«Իրակլի եւ Նատիա Գեդենիձեները որոշակի գումարի դիմաց օգնել են նրանց այդ գործում»,- նշվում է դատախազության հայտարարության մեջ:




























