Անկախ Բաքվի միակողմանի հայտարարություններից՝ մենք պնդում ենք, որ պատերազմը առկա խնդիրների լուծում չէ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այս մասին փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ, Էստոնիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։
Նրա խոսքով՝ կոմիտեի այսօրվա նիստի շրջանակում կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական ջանքերի շարունակումը՝ ղարաբաղյան հարցի վերջնական եւ երկարաժամկետ լուծմանը հասնելու համար։
Կալյուրանդը նաեւ տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում ընդգծվել է առանց բացառության բոլոր հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը։
«Մենք կշարունակենք դա պնդել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի բանտերում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն վերադարձվել հայրենիք։ Ռազմագերիները եւ առհասարակ մարդկային կյանքերը չեն կարող առեւտրի առարկա լինել։ Ուստի ԵՄ-ն ողջունում է ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Երեւանի քայլը»,- ասաց եվրապատգամավորը։
Բացի այդ, քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին, ինչպես նաեւ տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքն ապահովելուն ուղղված քայլերին։ Կալյուրանդը նշեց, որ քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, թե ինչպես առաջընթացի հասնել այդ հարաբերություններում, քննարկվել է նաեւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, երկաթուղու գործարկումը, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք կօգնեն աստիճանաբար հասնել համապատասխան լուծումների ձեռքբերման։
Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին եւ այսօր Վիեննայում կայանալիք հատուկ բանագնացների հանդիպմանը։
Հայաստանը, նրա խոսքով, ԵՄ-ի կարեւոր գործընկերն է։
«Մենք միշտ կլինենք Հայաստանի կողքին, կնպաստենք այստեղ իրականացվող բարեփոխումներին»,- շեշտեց պատգամավորը։




























