Եվրոպայի խորհուրդն այսօր երեկոյան կհամաձայնեցնի Ռուսաստանի նկատմամբ «երբեւէ սահմանված պատժամիջոցների ամենակոշտ փաթեթի» ընդունման քաղաքական պայմանները՝ Ուկրաինայում դեմ ագրեսիայի ֆոնին։ Այս մասին հայտարարել է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդում է DW-ը։ 

ԵՄ-ի պատասխանը կներառի «ինչպես հատվածային, այնպես էլ անհատական ​​սահմանափակող միջոցներ, որոնք ամբողջությամբ համաձայնեցվել են անդրատլանտյան գործընկերների եւ համախոհների հետ»:   

Բորելի խոսքով՝ Եվրոպան վերապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր ամենամռայլ ժամանակներից մեկը։ 

«Խոշորագույն միջուկային տերությունը հարձակվեց հարեւան երկրի վրա եւ սպառնում է հաշվեհարդար տեսնել ցանկացած այլ պետության հետ, որը կարող է օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելը նշել է, որ խոսքը ոչ միայն Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտման, այլեւ մարդկային համագոյակցության հիմնարար սկզբունքների մասին է։ Հակամարտությունը շատ կյանքեր կարժենա, նշել է նա։ 

Նա հավելել է, որ կպահպանի շփումները անդրատլանտյան գործընկերների եւ եվրոպական երկրների հետ, որպեսզի ստիպի Ռուսաստանին անհապաղ դադարեցնել «անընդունելի գործողությունները»։ Հակառակ դեպքում, Բորելի խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունը կբախվի աննախադեպ մեկուսացման։  

«Եվրամիությունը մնում է աշխարհի ամենահզոր պետությունների խումբը։ Եվ սա չպետք է թերագնահատել։ Մենք անհապաղ հրատապ օգնություն կտրամադրենք Ուկրաինային այս ծանր իրավիճակում»,- ընդգծել է դիվանագետը՝ նշելով, որ Բրյուսելն ակտիվորեն կաջակցի պատերազմական գոտուց տարհանման գործողություններին։

Բրյուսելը նաեւ դատապարտել է Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային եւ կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորությունները։