Լոռիի մարզի Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման նպատակով պետբյուջեից հատկացվել է 180,5 մլն դրամ:

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հուլիսի 22-ին Թումանյանի քաղաքապետարանում անցկացրած   խորհրդակցության ժամանակ պատկան մարմինների հետ քննարկել է Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքը։ Քննարկմանը մասնակցել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանը եւ շինարարական  կապալառու կազմակերպության ղեկավարը: NEWS.am-ին այս մասին հայտնում են ՏԿՆ մամուլի ծառայությունից։

Ճանապարհը Լոռիի մարզի 6 համայնքները կապում է հիմնական մայրուղուն:  

Փոխվարչապետին ներկայացվել է իրականացվող շինարարության  ծավալը, զեկուցվել, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով:

Քարկոփ համայնքում Արմեն Գեւորգյանը ծանոթացել է խմելու  ջրագծի  կառուցման  29 մլն 980 հազար դրամ արժողությամբ աշխատանքների ընթացքին:

Այնուհետեւ փոխվարչապետը  Օձուն,  Ճոճկան համայնքներում ծանոթացել է   «Հազարամյակի մարտահրավեր-հիմնադրամ Հայաստան» ծրագրով վերանորոգվող ոռոգման ներտնտեսային  ցանցերի շինարարական  աշխատանքների ընթացքին:

Աշխատանքային այցի ավարտին  փոխվարչապետը եղել է նաեւ  ՀՄՀ-ով վերականգնվող Նոյեմբերյանի  պոմպակայանում, ծանոթացել  կատարված աշխատանքների ծավալին: