44-օրյա պատերազմի սկզբնական նպատակը 5 շրջանների հանձնումը եւ արեւմտյան խաղաղապահների տեղակայումն էր, ընդ որում, պետք էր պահպանել ԼՂԻՄ-ի տարածքները, ինչպես նաեւ Բերձորն ու Քարվաճառը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նա բացատրեց, որ խնդիրը Թուրքիան էր, որը պատերազմի կեսից հրաժարվել է իրականացնել արեւմտյան ծրագիրը՝ Ադրբեջանից պահանջելով առաջ գնալ եւ վերցնել այնքան, որքան կարող է։
Բադալյանը կարծում է, որ Արեւմուտքը հաջողության չի հասել՝ հաշվի առնելով Ղարաբաղում ռուսական զորքերի ներկայությունը եւ Ադրբեջանի հսկողությունից դուրս մնացած տարածքների ապագայի հարցը։
«Սակայն դա չխանգարեց Հայաստանի իշխանությանը «խաղաղության» քաղաքականություն վարել, ադրբեջանցի պատգամավորներին Երեւան հրավիրել»,- նշեց փորձագետը։
Նա վստահ է, որ Հայաստանի գործող ռեժիմին իշխանության բերած ուժերի համար խաղաղությունը նշանակում է Անդրկովկասում ռուսական ազդեցության վերացում, ռուսական բազայի դուրսբերում, հնարավորության դեպքում՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա գծի գործարկում։
«Բայց դա չի նշանակում, որ Թուրան կստեղծվի։ Նրանք, ովքեր կանգնած են այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետեւում, ցանկանում են Թուրքիայի տարածքով Կենտրոնական Ասիայից ռեսուրսներ դուրս բերել Արեւմուտք՝ Հայաստանի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Սա ենթադրում է ռուսական ազդեցության թուլացում նաեւ Կենտրոնական Ասիայում։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում լինեն իշխանություններ, որոնք վարում են այնպիսի քաղաքականություն, որը չի ներառի Ղարաբաղի հարցը, այլ կունենա «Զանգեզուրի միջանցքի» բացման օրակարգ։ Հիմա Հայաստանի իշխանությունը համառորեն վարում է այս քաղաքականությունը՝ հաշվի չառնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները»,- եզրափակեց Բադալյանը։





























