Մոսկվայի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը ոչինչ չի փոխի ՌԴ-Ադրբեջան դաշնակցության համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ 

«Կարծում եմ՝ մենք պարզապես պաշտոնականացրել ենք այն, ինչը համապատասխանում է մեր հարաբերությունների բնույթին, եւ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Վստահ եմ, որ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական կողմից ոչ մի շտկում չի լինի տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին»,- ասել է նա։       

«Պետք է ասեմ, որ հռչակագրի տեքստը պատրաստ էր մի քանի ամիս առաջ։ Այսինքն՝ վերջնական տեքստն արդեն պատրաստ էր, բայց պետք էր անձամբ հանդիպել։  Նոյեմբերի վերջին Մոսկվա կատարած իմ վերջին այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա կլինի այս տարվա սկզբին»,- պարզաբանել է Ալիեւը։     

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ամսաթիվը ռուսական կողմն առաջարկել է փաստաթղթի ստորագրումից գրեթե 20 օր առաջ։ «Եվ, իհարկե, ես նույնիսկ չէի դիտարկել այս ամսաթիվը փոխելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրադարձությունները (Պուտինի որոշումը ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն ճանաչելու մասին) տեղի են ունեցել, երբ ես արդեն ինքնաթիռի մեջ էի՝ 21-ին։ Եվ եթե նույնիսկ Բաքվում լինեի, ապա կգայի։ Մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել եւ չպետք է փոխվի»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։