Կուբանում Ուկրաինայից արձակված զինամթերքի պայթյուն է գրանցվել, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ սահմանային վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սույն թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 12:10-ին, Կրասնոդարի երկրամասի Յիսկի շրջանի Շիրոչանկա բնակավայրի տարածքում ՌԴ ԱԴԾ-ի սահմանային վարչությունն Ուկրաինայից արձակված զինամթերքի պայթյուն է արձանագրել: Զոհեր եւ վիրավորներ չկան։ Իրավապահ մարմինները ստուգում են իրականացնում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է հատուկ ռազմական օպերացիա սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտնեց, որ հանգամանքները «վճռական եւ անհապաղ գործողություններ, են պահանջում. Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ արեց չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը։