Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ով իրեն որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ընկեր է բնութագրում, հինգշաբթի կոչ է արել շուտափույթ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում եւ չխզել Եվրոպայի մնացած կապերը Ռուսաստանի հետ, հայտնում է Reuters-ը։

«Շատ սխալներ են եղել՝ երկու կողմից էլ: Բայց ռուսական անվտանգության շահերը չեն արդարացնում ռազմական միջոցների օգտագործումը»,- գրել է Շրյոդերը LinkedIn-ում։

«Անհրաժեշտ պատժամիջոցներ սահմանելիս պետք է ապահովել, որպեսզի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ մնացած քաղաքական, տնտեսական եւ քաղաքացիական կապերն ամբողջությամբ չխզվեն»,- ընդգծել է նա։

Շրյոդերը գլխավորում է «Հյուսիսային հոսք 2»-ի բաժնետերերի կոմիտեն, որը պատասխանատու է դեպի Եվրոպա վիճելի ռուսական գազատարի կառուցման համար, որն այժմ գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, թեեւ պատժամիջոցները կոնկրետ դրա վրա չեն տարածվում, նշում է լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Նա հայտարարեց, որ Մոսկվայի մտադրությունները ուկրաինական տարածքների օկուպացում չեն ներառում:

Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի շրջանների օդանավակայաններին եւ հրամանատարական կետերին դիպուկ հարվածների մասին էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին։

Ուկրաինան փակել է իր օդային տարածքը.