Կիեւի քաղաքապետ, Կիեւի քաղաքային պետական վարչության նախագահ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Կիեւում պարետային ժամ մտցնելու մասին։ Այս մասին նա հայտարարել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, հայտնում է Українськi Новини-ն:
«Այս պահի դրությամբ պարետային ժամ է մտցվել, եւ դուք պետք է իմանաք, որ գիշերը քաղաքում տեղաշարժը սահմանափակված է»,- ասել է Կլիչկոն։
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե որ ժամերի մասին է խոսքը:
Կլիչկոն ասել է, որ Կիեւում իրավիճակը վերահսկելի է, սակայն կա ահաբեկչական խմբավորումների հայտնվելու հավանականություն։
«Ահաբեկչական խմբավորումների հավանականություն կա: Այժմ փողոցները վերահսկվում են, պարետային ժամ է, խնդրում եմ բոլորին, եթե դուրս եք գալիս, անձը հաստատող փաստաթղթեր ունեցեք, բայց եթե փնտրելու բան չունեք, խնդրում եմ, այս պահին հնարավորինս քիչ դուրս եկեք, խնդրում եմ մնացեք տանը»,- ասել է Կլիչկոն։
Կլիչկոն նշել է, որ այս պահին Կիեւից ելքը եւ մայրաքաղաք մուտքը սահմանափակված չեն։
Նա հավելել է, որ Կիեւի առանցքային մուտքերում ճանապարհները փակվելու են բետոնե սալերով եւ կառույցներով, որոնք թույլ չեն տա անցնել տանկերի նման ծանր ավտոմեքենաներին:
Նա հայտարարել է, որ Մոսկվայի մտադրությունները չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի շրջանների օդանավակայաններին եւ հրամանատարական կետերին դիպուկ հարվածների մասին էր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
Ուկրաինան փակել է իր օդային տարածքը:





























