Եթե Երեւանը ճանաչեր Արցախը, ՌԴ-ն կկիրառեր նույն մեխանիզմները, ինչ ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Այժմ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, այն է, ինչ պետք է տեղի ունենար Արցախում՝ Հայաստանի կողմից ճանաչվելու դեպքում։
Պետք էր նույն կերպ վճռական գործողություններ ձեռնարկել։ Հայաստանում ոչ մի իշխանություն չճանաչեց Արցախը, իսկ Պուտինը վճռական անձնավորություն է, նա ճիշտ որոշում կայացրեց՝ ճանաչելով ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն։ Եվ քանի որ ճանաչեց, հանձնարարեց պաշտպանության նախարարին ապահովել ռուս ժողովրդի անվտանգությունը։
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինն ասել է, որ եթե թշնամին ներխուժի Հայաստանի տարածք, ապա ՀԱՊԿ-ն պատրաստ կլինի միջամտել։ Երբ ճանաչում ես, փոխադարձ օգնության պայմանագրեր են կնքվում, եւ առանց պայմանագրի անհնար էր զորք ուղարկել (Արցախ-խմբ.)։ Հայերի ուղղությամբ կրակում էին, իսկ ՀՀ իշխանությունը պատշաճ կերպով չէր արձագանքում»,- ասաց նա։
Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական գործողության ավարտը կախված է ոչնչացման ենթակա օբյեկտների քանակից եւ դրա համար պահանջվող ժամանակից։
«Դա կարող է ավարտվել ցանկացած պահի»,- հավելեց Գրիգորյանցը։





























