Մեծ Բրիտանիան այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարեց Ուկրաինայում ռազմական գործողության հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին։

Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել Մեծ Բրիտանիայում «Աերոֆլոտ» ընկերության աշխատանքի նկատմամբ, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաեւ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան սառեցնում է ՎՏԲ-ի ակտիվները։

«Մենք ամբողջությամբ սառեցնում ենք ՎՏԲ-ի ակտիվները»,- ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Ռոստեխ»-ի եւ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի դեմ։

Նա հավելել է, որ առկա լծակները թույլ են տալիս ամբողջությամբ դուրս մղել  ռուսական բանկերը Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգից։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ խոստացել է «Ռուսաստանին դուրս մղել համաշխարհային տնտեսությունից»։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ռուս միլիարդատեր Կիրիլ Շամալովի, «Պրոմսվյազբանկ»-ի նախագահ Պյոտր Ֆրադկովի եւ ՎՏԲ-ի փոխնախագահ Դենիս Բորտնիկովի նկատմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Նա հայտարարեց, որ Մոսկվան մտադրություն չունի օկուպացնել ուկրաինական տարածքները։ Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի շրջանների օդանավակայաններին եւ հրամանատարական կետերին ճշգրիտ հարվածների մասին էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին։ Ուկրաինան փակել է իր օդային տարածքը: