ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ G7 խմբի մյուս ղեկավարները հինգշաբթի առցանց հանդիպման ժամանակ պայմանավորվել են ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման շուրջ, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի գրառումը Twitter-ում:

«Այս առավոտյան ես հանդիպեցի G7-ի իմ գործընկերների հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա չհիմնավորված հարձակումը  քննարկելու համար, եւ մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել ավերիչ պատժամիջոցների փաթեթների եւ այլ տնտեսական միջոցների ուղղությամբ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար: Մենք աջակցում ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Նա հայտարարեց, որ Մոսկվան մտադրություն չունի օկուպացնել ուկրաինական տարածքները։ Ըստ ՌԴ նախագահի՝ նպատակն Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց ուկրաինական ռազմական ենթակառուցվածքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Խոսքը, մասնավորապես, Կիեւի, Խարկովի եւ Օդեսայի շրջանների օդանավակայաններին եւ հրամանատարական կետերին ճշգրիտ հարվածների մասին էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին։ Ուկրաինան փակել է իր օդային տարածքը: